National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.09.2018
Արա Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ
1 / 12

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գեւորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը եւ Շիրակ Թորոսյանը, պաշտոնական այցով Շվեյցարիայում է:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 25-ին Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ:

Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը, ողջունելով հայ խորհրդարանականներին, երախտագիտություն է հայտնել այս տարվա փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում արժանացած ջերմ ընդունելության համար: Դոմինիկ դը Բյումանը ողջունել է մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները՝ նշելով, որ դրանք լավագույն խթան կարող են հանդիսանալ երկրի հետագա զարգացման ու բարգավաճման համար: «Ինձ համար հասկանալի է այդ ամենը, քանի որ Հայաստանը մշակույթի եւ լավագույն ավանդույթների երկիր է»,-ասել է Դոմինիկ դը Բյումանը:

Արա Բաբլոյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Շվեյցարիայի հետ ունեցած հարաբերությունների կայունությունը եւ շարունակականությունը. ձեւավորված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ակտիվ են միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի համագործակցությունը, առկա է փոխվստահության ու փոխըմբռնման մթնոլորտ: Նա հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

«Երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, տարբեր իրավիճակներում Շվեյցարիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին»,-ասել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը՝ որպես ապացույց ընդգծելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Շվեյցարիայի միջնորդական դերակատարությունը:

«Մեր հանդիպումների ժամանակ բազմիցս նշել եմ, որ մենք խնդիրներ չունենք ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի ժողովրդի հետ, մենք խնդիր ունենք այն ղեկավարների հետ, որոնք չեն կարողանում հասկանալ կամ գնահատել այն արժեքները, որոնք մենք ձեզ հետ կիսում ենք: Պետք է ձգտենք անել ամեն ինչ՝ պաշտպանելու զարգացող ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները թե Հայաստանում եւ թե՛ Արցախում»,-ընդգծել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը: Նրա խոսքով՝ դժվար է զարգացնել ժողովրդավարությունը եւ բացել դռները դեպի Եվրոպա մի տարածաշրջանում, ուր ի դեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ հիմնականում ավտորիտար վարչակարգն է կայացած:

Արա Բաբլոյանը, անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին, ընդգծել է, որ Հայաստանը եւս մեկ անգամ կարողացավ զարմացնել աշխարհին իր մարդասիրությամբ, հանդուրժողականությամբ եւ ժողովրդավարության ձեռքբերումներով: Նա վստահություն է հայտնել, որ անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից հայ-շվեյցարական հարաբերությունները շարունակելու են զարգանալ նույն ոգով:

Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը, կարեւորել համագործակցությունը մասնավորապես գյուղատնտեսության, գիտության, զբոսաշրջության ոլորտներում, կրթական ծրագրերի շրջանակում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում՝ Ոսկե գրքում: Այնուհետեւ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը շրջել է խորհրդարանում, մասնակցել Ազգային խորհրդի նիստին, որի ժամանակ շվեյցարացի օրենսդիրները ողջունել են հայ խորհրդարանականներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am